Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն հայտարարել է, որ կանի հնարավոր ամեն ինչ Վենեսուելայում «կարգ ու կանոնը և ժողովրդավարությունը վերականգնելու» համար, մինչդեռ նրա արտգործնախարարը հանդիպել է վենեսուելական ընդդիմության ղեկավարների հետ, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ Բոլսոնարոյի կառավարությունը հայտարարել էր, որ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին՝ կոնգրեսը գլխավորող Խուան Գուայդոյին Վենեսուելայի օրինական նախագահ է ճանաչում, թեև Գուայդոն ինքն իրեն նախագահ չէր հռչակել:

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն անցյալ շաբաթ սկսեց նոր ժամկետում պաշտոնավարել՝ դառնալով միջազգային քննադատության թիրախ:

«Մենք կշարունակենք անել ամեն ինչ, որպեսզի վերականգնենք կարգը, ժողովրդավարությունը և ազատությունը», - ասել է Բոլսոնարոն:

«Մենք խնդրեցինք Վենեսուելայի ժողովրդին դիմադրել և հավատալ, քանի որ կարծում եմ, որոշումը հեռու չէ», - ասել է Բոլսոնարոն:

Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Էռնեստո Արաուժոն հանդիպել է Վենեսուելայի մի խումբ ընդդիմադիր առաջնորդների հետ Կարակասի նախկին քաղաքապետ Անտոնիո Լեդեզմայի գլխավորությամբ՝ իրավիճակը վերլուծելու և Գուայդոյի՝ նախագահի պաշտոնակատարի պաշտոնը ստանձնելու պատրաստակամությունը պարզելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Վենեսուելայում ժողովրդավարության վերականգնման համար «կոնկրետ գործողությունների» գաղափարներ: