ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և « City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ԱՄՆ Կոնգրեսում խոսել է «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին:

Նա ասել է, որ «Կանայք հանուն խաղաղության» արշավի նպատակն է միավորել Արցախի հակամարտության բոլոր կողմերի կանանց, որպեսզի մերժեն պատերազմն ու միավորեն իրենց ջանքերը խնայելու մարդկային կյանքեր հակամարտության բոլորի կողմերի համար: Իսկ վերջնական նպատակն է ստեղծել կանանց համաշխարհային ցանց հանուն Արցախում (Լեռնային Ղարաբաղում), ինչպես նաև աշխարհի այլ թեժ կետերում խաղաղության հաստատման համար:

«Որպես կին և որպես մայր՝ ես հավատացած եմ, որ առավել արժեքավոր բանն աշխարհում մարդկային կյանքն է: Ես իսկապես հույս ունեմ, որ այս նախաձեռնությունը կվերածվի հանուն խաղաղության հզոր շարժման հակամարտության բոլոր կողմերի հասարակություններում: Ուստի ես դիմում եմ այս պատվավոր լսարանի բոլոր նշանավոր կանանց` միանալ մեր` հանուն խաղաղության նախաձեռնությանը և օգնել բացել ամուր փակված հույսի դռները: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կանանց և մայրերին նույնպես միանալ այս արշավին և նույն կոչը հղել իրենց երկրում որոշում կայացնողներին: Հուսով եմ, որ բոլոր այն ծրագրերը, որոնք ես մտադիր եմ ներկայացնել ԱՄՆ ուղևորության արդյունքում, կարժանանան մեծ ուշադրության և կունենան մեծ ներգրավվածություն, ինչը կնպաստի մեր առաքելության հաջող իրականացմանը:», - ասել է Աննա Հակոբյանը: