Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Նիկոլ Փաշինյանի՝ Ստրասբուրգում հնչեցրած առաջարկ-հայտարարությանը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Ստրասբուրգում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմն առաջարկում է Ադրբեջանին դադարեցնել «ռազմական հռետորաբանությունն» ու «չսպառնալ ուժի կիրառումով»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել ՀՀ վարչապետին ծանոթանալ 1975 թ. ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտին և, մասնավորապես, «ուժի չկիրառման և ուժի կիրառման սպառնալիքից հրաժարվելու» սկզբունքին։
«Մենք կոչ ենք անում Հայաստանի վարչապետին, ով առաջարկում է հրաժարվել ուժի կիրառությունից, միջազգային հանրության պահանջներին համապատասխան, հրատապ քայլեր ձեռնարկել` իր երկրի զինված ուժերը դուրս բերելու Ադրբեջանի գրավյալ տարածքներից` տարածաշրջանում կայուն խաղաղություն, անվտանգություն և բարգավաճում ապահովելու համար»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ։
Հիշեցնենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Ստրասբուրգում ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ համատեղ մամլո ասուլիսում, հայտարարել էր, որ Երևանը Բաքվին առաջարկում է հրաժարվել «սպառնալիքների լեզվից» և հույս հայտնել, որ ադրբեջանական կողմը կարձագանքի այդ կոչին: Փաշինյանը նաև նշել էր, որ «մենք ուզում ենք, որ մեր հասարակությունները պատրաստվեն խաղաղության և հույս ունենք, որ մեր գործընկերներն Ադրբեջանում նույնպես դա կանեն, որի դեպքում բոլորովին այլ իրավիճակում կլինենք»։