ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը համաձայն չէ դատարանի հիմնավորումների հետ, որոնք ներկայացվում են իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու համար։

Նա պնդում է՝ Քոչարյանը ոչ քննությունից թաքնվելու է, ոչ էլ խոչընդոտելու, հիշեցնում է, որ Միքայել Հարությունյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին իմանալուց հետո եկել է Հայաստան, ներկայացել է քննությանը։

«Օգոստոսի 13-ից մինչև դեկտեմբերի 7-ը պարոն Քոչարյանը գտնվել է ազատության մեջ, և հետո գիտեք, ինքն է գնացել ԱԱԾ, մուտքի մոտ ասում էր, եկել եմ, որովհետև դատարանի որոշում կա, որ ինձ պետք է կալանավորեք։ Մեկ ու կես ժամ քննիչին է սպասել, որ քննիչը գա ու իրեն կալանավորի։ Հասկանո՞ւմ եք, էդ մարդուն չի կարելի ասել, որ կթաքնվի քննությունից, ինքն իր կյանքով ապացուցել է, որ ինքը թաքնվողը չի։ Ավելի ծանր իրավիճակներում է եղել ու հենց այն բանի շնորհիվ, որ թաքնվողներից չի, հաղթանակներ ենք արձանագրել»,- պատմել է փաստաբանը։

Հարցին, թե ի՞նչ քայլեր են պատրաստվում անել պաշտպանական խմբի անդամները, Ալումյանը պատասխանել է.

«Ես չեմ սիրում մեր պլանները նախապես անոնս անել, մենք շատ անսպասելի քայլերի ենք պատրաստ։ Շատ անսպասելի ու ազդեցիկ քայլերի, ուղղակի չենք ուզում հարցը հասնի դրան»։

Ինչ վերաբերում է ընթացիկ աշխատանքներին, ապա փաստաբանն ասել է, որ այս պահին աշխատում են ՄԻԵԴ ուղարկվելիք 6-րդ գանգատի վրա, ինչպես նաև Վճռաբեկ դատարան ներկայացվելիք բողոքի նկարագրական մասի վրա, պատճառաբանական հատվածին կանցնեն Վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո։