Հովհաննես Թադևոսի Թումանյանը՝ հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչը գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Նա համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ: Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր, ինչպես նաև ստեղծվել են Անուշ և Ալմաստ օպերաները հիմնված են Թումանյանի ստեղծագործությունների վրա։

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869թ-ի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում: 1877-1879թթ-ին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883թթ-ին սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում: 1883թ-ից բնակվել է Թիֆլիսում: 1883-1887թթ-ին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887թ-ին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893թ)։ 1893թ-ից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին:

1899թ-ին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գործել է մինչև 1908թ:

1912թ-ին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918թ-ին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918թթ) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-1920թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918թթ-ին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։ 1912-1921թթ-ին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահել է Հայաստանի օգնության կոմիտեն (1921-1922թթ)։

1921թ-ի աշնանը Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ` նա վերադառնում է հիվանդացած։

Թումանյանը մահացել է 1923թ-ին՝ Մոսկվայում։

Նշենք, որ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը գործում է Լոռու մարզի Դսեղ գյուղում, ինչպես նաև գործում է Երևանում՝ Մոսկովյան 40 հասցեում։